ՍՈՒՐԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ապրեց ընդամենը 39 տարի։ Սակայն այդ կարճ ժամանակահատվածում կարողացավ շատ բան անել, իսկ բազմաթիվ նախագծեր մնացին անավարտ։
Բազմակողմանի զարգացած էր, օժտված երգիչ էր և արհեստավարժ ատամնաբույժ։ Նա առաջինն էր և՛ վոկալի արվեստում, և ստոմատոլոգիայում։
Հարազատները, ընկերները, հիշելով նրան, նշում են՝ տաղանդավոր մարդ էր, մեծ սրտի տեր մարդ էր։ Սիրում էր ընտանիքը, առանձնակի ջերմությամբ էր վերաբերվում մորը։ Մտավորականի ընտանիքում է ծնվել Սուրեն Զուրաբյանը։ Նրա հայրը՝ Արամ Զուրաբյանը, կենսատեխնոլոգիայի ինստիտուտի տնօրենն էր։ Հորական պապի անունն էր կրում Սուրենը, իսկ պապիկը ֆիզիկոս էր, տատիկը՝ քիմիկոս։ Սուրենի մայրը դրամատուրգ և սցենարիստ Ագնեսա Սևունցն է, հայ նշանավոր գրող Գարեգին Սևունցի դուստրը, իսկ Սևունցի կինը՝ Շողիկ Սաֆյանը, տաղանդավոր բանաստեղծուհի էր։
Սուրենը ավարտել էր Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Չափազանց ուշադիր ու հոգատար էր իր հիվանդների նկատմամբ։ Նրան կոչում էին բժիշկ-փրկիչ։ Բարի էր և անշահախնդիր, նույնիսկ անծանոթներին բուժում էր անվճար, ընկերների մասին էլ չենք խոսում։ Օգնության էր գալիս առաջին կանչով՝ գիշեր լիներ, թե ցերեկ։
Երգել սկսեց, երբ ավարտել էր բժշկականը։ Երգը նրա կոչումն էր։ Ավարտեց նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Նրա ուսուցիչներն էին հմուտ մանկավարժներ Մարիաննա Հարությունյանը և Վալերի Հարությունյանը։
Սկսեց երգել «Նարեկ» արական երգչախմբում (ղեկավար՝ Մկրտիչ Մկրտչյան)։ Երգում էր հոգևոր երգեր, Բախի, Հայդնի, Մոցարտի, Ռոսսինիի, Գունոյի, Վերդիի ռեքվիեմները, մեսսաները։ Աշխատեց նշանավոր դիրիժորներ Օհան Դուրյանի, Լորիս Ճգնավորյանի, Զավեն Վարդանյանի, Էդուարդ Թոփչյանի, Հովհաննես Միրզոյանի հետ։ Երգեց Գոհար Գասպարյանի հետ։ Համարձակ երգիչ էր, ընտրում էր բարդագույն պարտիաները և հեշտությամբ կատարում դրանք։ Բացառիկ քնարական տենոր էր։ Մասնակցեց օպերային ստուդիայի ներկայացումներին. Հայդն` «Դեղագործը», Լեոնկավալլո` «Պայացներ», Մոցարտ` «Կախարդական սրինգ» (համերգային կատարում)։ Այս ներկայացումներում նա ցուցադրեց իր դերասանական տաղանդը, կերպարի նուրբ զգացողությունը։
Երգչին սիրում էին ոչ միայն Հայաստանում։ Նա հաջողությամբ հանդես է եկել Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Լեհաստանում, Ավստրիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում... Մասնագետները բարձր են գնահատել նրա նուրբ երգեցողությունը, գեղեցիկ տեմբրը, բարձր ճաշակը, վառ ստեղծագործական անհատականությունը։ Իսկ ունկնդիրը երգչին միշտ ընդունել է բուռն ծափողջույններով։
Աշխատում էր ինքնամոռաց, առանց իրեն խնայելու։ «Հովեր» երգչախմբի հետ հյուրախաղերի էր։ Համերգից առաջ ջերմությունը բարձրացավ։ Երգչախմբի ղեկավարը՝ Սոնա Հովհաննիսյանը, խնդրեց Սուրենին բեմ չբարձրանալ, պառկել։ Բայց Սուրենը նրան չլսեց. նրա համար կարևորը աշխատանքն էր։ Արդեն ճանաչված մենակատար էր, բայց երբ հրավեր էր ստանում երգչախմբից, երբեք չէր մերժում։ Սուրենի երաժիշտ ընկերները համոզում էին նրան թողնել ատամնաբուժությունը և լրիվ նվիրվել երգին։ Նա այդպես չարեց. երկու բնագավառում էլ աշխատում էր մեծագույն նվիրումով։ Ճշտապահ էր, կարգապահ, նաև հուսալի ընկեր, ճանապարհի լավ ընկեր։
Էությամբ խաղաղ էր, հանդուրժող, չնայած լինում էին և բռնկումների պահեր։ Ասպետ էր, կնամեծար։ Չափից ավելի համեստ էր, ներկայությունը շեշտված չէր, բացակայությունը նկատելի էր։
Ցավոք, այդ գեղեցիկ մարդու կյանքն ու ստեղծագործությունը շուտ ընդհատվեցին. կյանքը երբեմն շատ դաժան է լինում իր անկանխատեսելի շրջադարձերով, գրված ու չգրված օրենքներով։ Իր վերջին մենահամերգի ժամանակ Սուրեն Զուրաբյանը կատարեց Լենսկու արիան Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից։ Ողբերգական էր Պուշկինի և Չայկովսկու հերոսի ճակատագիրը։ Ողբերգական էր և Սուրենի կյանքի ավարտը...
Վթար պատահեց... 2003 թվականն էր։
Ափսոս...
Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ